Սեքսոլոգիա
Սեռական գրգռում
Սեռական գրգռումը տղամարդկանց մոտ ուղեկցվում է էրեկցիայի, իսկ կանանց մոտ՝ լյուբրիկացիայի դրսևորմամբ։ Երկու սեռերի մոտ էլ սեռական գրգռումը պայմանավորված է միևնույն ֆիզիոլոգիական մեխանիզմով. դա նյարդանոթային ռեֆլեքս է, որի ժամանակ նյարդային գրգիռների ազդեցությամբ տեղի է ունենում սեռական օրգանների արտերիոլների լայնացում և զարկերակային արյան հոսքի ուժեղացում։
Նյարդային գրգիռները սկիզբ են առնում ողնուղեղային երկու կենտրոններից, որոնք ակտիվանում են սեռական գրգռման ժամանակ։ Մի կենտրոնը տեղակայված է ողնուղեղի S2-S4 , մյուսը՝ T11, T12, L1 և L2 սեգմենտներում։ Վազոդիլատացիան առաջացնում է արտաքին սեռական օրգանների ծավալի, չափերի մեծացում և ձևի այնպիսի փոփոխություն, որը պատրաստում է սեռական օրգանները վերարտադրման ֆունկցիային։ Անատոմիական կառուցվածքի հետևանքով ծավալային մեծացումը տարբեր տեսք է տալիս արական և իգական սեռական օրգաններին, որոնք դառնում են միմյանց փոխլրացնող։
Տղամարդու էրեկցիա
Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։
Էրեկցիան ամենահասարակ, ամենակայուն և միևնույն ժամանակ ամենախոցելի սեքսուալ դրսևորումն է տղամարդու մոտ։ Հասարակ ասելով նկատի է առնվում էրեկցիայի առաջացման համար անհրաժեշտ անատոմոֆիզիոլոգիական կառուցվածքային միավորների փոքր քանակը և հիմնականում պերիֆերիկ կառույցների մասնակցությունը (ողնուղեղային, հարողնուղեղային և առպատային վեգետատիվ հանգույցներ), որոնք մեծապես օժտված են գործունեության ինքնուրույնությամբ, այսինքն անկախ են արտաքին միջավայրի ազդակներից։ Էրեկցիայի նշանակալից կայունությունը, որը վերաբերում է օրգանական բնույթի վնասակար ազդակներին, պայմանավորված է նրանով, որ այն ֆիլոգենետիկ տեսանկյունից ամենահին և հետևաբար ամենահուսալի կառուցվածքների վրա է հիմնված։ Այդ պատճառով օնտոգենեզի ընթացքում էրեկցիան սեռական ամենաառաջին դրսևորումն է, որ կարելի է հայտնաբերել նույնիսկ պտղի մոտ` ներարգանդային զարգացման ընթացքում։ Էրեկցիայի խոցելիությունը վերաբերում է հոգեբանական գործոններին և հատկապես արգելակող հույզերին։ Էրեկցիան առավել խոցելի է այն տղամարդկանց մոտ, որոնց պատկերացումներում էրեկցիային վերագրվում է առնականության և տղամարդկային արժանապատվության ֆետիշացված նշանակություն (ֆալոսյան կուլտ)։
Էրեկցիան առաջանում և պահպանվում է բարդ ֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ, որոնք ուժեղացնում են զարկերակային արյան հոսքը դեպի առնանդամ և դժվարացնում երակային հետհոսը։ Սեռական օրգանների արյունամատակարարումը ունի 2 առանձնահատկություն, որոնք մեծ դեր են խաղում սեռական ֆունկցիայի իրականացման ժամանակ, հատկապես տղամարդու մոտ։ Առաջին առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ օրգանների արյունամատակարարման, սեռական օրգաններում մեկ v. dorsalis penis-ը ուղեկցվում է երկու aa. dorsales penis-ներով։ Հանգիստ վիճակում առնանդամի զարկերակները գտնվում են պարուրված վիճակում, որն անհայտանում է էրեկցիայի ընթացքում։
Մյուս առանձնահատկությունը զարկերակների ներսային մակերեսին գտնվող երկայնաձիգ տեղակայված հարթ մկանային գոյացություններն են, այսպես կոչված Էբների բարձիկները։ Հանգիստ վիճակում, առնանդամի զարկերակները և Էբների բարձիկները գտնվում են կծկված վիճակում և նեղացնում են զարկերակն այնպես, որ արյան համար անցանելի է մնում միայն մի նեղ՝ ճեղքաձև բացվածք։ Էրեկցիայի ժամանակ զարկերակների և Էբների բարձիկների մկանային թուլացումը բերում է վերջիններիս տափակեցմանը, և զարկերակը լայնորեն բացվում է։ Հայտնաբերված է, որ Էբների բարձիկները գերազանցապես տեղակայված են corpora cavernosi penis-ի զարկերակներում` ի տարբերություն corpus cavernosum urethrae-ի զարկերակների։
նկ. 5 Առնանդամի զարկերակը` Էբների «բարձիկով» կծկման տարբեր աստիճաններում ԼՄ - լայնական մկանունք, ՇՄ – շրջանաձև մկանունք.
Նմանատիպ կառուցվածքով և ֆունկցիայով են օժտված և v. dorsalis penisը և v. profunda penis-ը, որոնք կծկվելով փակում են վենուլաներից արյան հոսքի ճանապարհը։
Անոթների վերոնշյալ կառուցվածքային առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում գենիտալիաների արյունամատակարարման արագ փոփոխությունների համար։ Դրան մեծամասամբ նպաստում է նաև այն, որ ի տարբերություն այլ օրգանների, գենիտալիաների արյունամատակարարումը կարգավորվում է ոչ միայն ներհոսի, այլ նաև արտահոսի հատվածում։
Էրեկցիայի ժամանակ առնանդամը ոչ միայն մեծանում է իր չափերով, այլ նաև իր բարձրագույն կետին հասնելիս ձեռք է բերում առավելագույն պնդություն։ Ինչպես հայտնի է, առնանդամի անատոմիական կառուցվածքում տարբերում են երկու կավերնոզ մարմիններ (corpora cavernosi penis) և միզուկի սպոնգիոզ մարմին (corpus spongiosum s. cavernosum urethrae), որը առջևում լայնանալով վեր է ածվում առնանդամի գլխիկի (glans penis)։
նկ. 6 Առնանդամը լայնական կտրվածքով
Առնանդամի կավերնոզ և սպոնգիոզ մարմինների հյուսվածքային տարբերությունների հետևանքով էրեկցիայի ժամանակ, նույնիսկ դրա բարձրագույն պահին, պնդանում են միայն կավերնոզ մարմինները, մինչդեռ սպոնգիոզ մարմինը և հետևաբար առնանդամի գլխիկը պահպանում են իրենց փափկությունը (դրանով կանխվում է կնոջ սեռական ուղիների վնասումը ֆրիկցիաների ժամանակ)։
նկ. 7 Տղամարդու սեռական գրգռման փուլ
Հետաքրքիր է այն փաստը, որ եթե համեմատենք արյան ճնշումը կավերնոզ մարմիններում և աորտայում, ապա կտեսնենք, որ կավերնոզ մարմիններում արյան ճնշման ավելի ցածր մակարդակի պարագայում դրանք իրենց պնդությամբ գերազանցում են աորտային։ Դա պայմանավորված է փապարային մարմինների հատուկ կառուցվածքով, որը կարելի է բիոմեխանիկայի տեսանկյունից անկրկնելի և եզակի երևույթ համարել։ Առնանդամը սնող զարկերակը, մտնելով կավերնոզ մարմիններ, այնուհետև ճյուղավորվում է մանր զարկերակների, որոնք ի վերջո բացվում են փապարայաին խորշիկներում։
Արյունատար անոթների լայնացումը իրականանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգի մասնակցությամբ։ Սեռական գրգռման ժամանակ էրեկցիայի ողնուղեղային կենտրոններից պարասիմպաթիկ գրգիռներ են հասնում առնանդամի զարկերակներ։ Պարասիմպաթիկ նյարդային մեդիատոր ացետիլխոլինը, ակտիվացնելով NO-սինթետազան, բերում է NO-ի քանակության աճի, որն իր հերթին հատուկ միացություն առաջացնելով` ակտիվացնում է մկանի ցիտոզոլային գուանիլատցիկլազան։ Վերջինս բերում է ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆատի սինթեզի, որը պրոտեինկինազների միջոցով գործի է դնում ակտին-միոզին համակարգի ֆոսֆորացումը, բացում է Ca2+ -ի խողովակները և իջեցնում է Ca2+ -ի ցիտոզոլային քանակը՝ առաջացնելով մկանի ռելաքսացիա։
Աղյուսակ 1. Էրեկցիայի առաջացման փուլերը
Էրեկցիայի առաջացման հիմնական էտապները
|
Սեռական գրգռում ↓ NO-ի ձերբազատում, ց-ԳՄՖ ավելացում (ց-ԳՄՖ-ի քայքայումը ֆոսֆոդիեսթերազ-5-ով) ↓ ↓ |
նկ. 8 Էրեկցիայի առաջացման ց-ԳՄՖ-կախյալ մեխանիզմը
Էրեկցիայի առաջացման գործում NO-ի և ց-ԳՄՖ-ի առաջատար դերի բացահայտումը բերեց մի շարք դեղամիջոցների սինթեզին, որոնք ի վիճակի են ավելացնելու ներբջջային ց-ԳՄՖ-ի քանակությունը։ Դրանք NO-դոնորներն են (Na–ի նիտրոպրուսիդ, նիտրոգլիցերին) և ֆոսֆոդիեսթերազ-5-ի ինհիբիտորները։ Առնանդամի հարթ մկանների թուլացում կարող է առաջանալ նաև ց-ԱՄՖկ ախյալ մեխանիզմներով։ Կան դեղամիջոցներ, որ ազդում են այս վերջին մեխանիզմով, օրինակ՝ պրոստագլանդին E1-ը։ Երակային հետհոսքի դժվարացման պատճառները դեռ լիովին բացահայտված չեն։ Հնարավոր է, որ դեր են խաղում երակների անմիջական կծկման մեխանիզմները, այլ հիպոթեզի համաձայն` գործի է դրվում երակներում առկա փականային համակարգը, և վերջապես` լցվող փապարային փորշիկները մեխանիկական ճնշում գործադրելով երակների վրա, պարզապես խոչընդոտում են երակային արյան հետհոսը։
նկ. 9 Էրեկցիայի մեխանիզմը
Էրեկցիայի պահին փապարային մարմինները գտնվում են թուլացած վիճակում, արյունը ազատ լցվում է խորշիկներ և փքելով դրանք` սեղմում դրենավորող երակները՝ կարծես ծուղակի մեջ առնելով կուտակված արյունը։
Էրեկցիան պարասիմպաթիկ ռեակցիա է, թեև կան որոշակի փաստեր, որ վկայում են էրեկցիայի առաջացման մեխանիզմներում սիմպաթիկ գրգիռների մասնակցության մասին։ Հնարավոր է սիմպաթիկ այս մեխանիզմների մասնակցությունը երակային հետհոսքի կարգավորման գործում։ Այնուհանդերձ, հայտնի է, որ սուր սիմպաթիկ հակազդումը, որ դիտվում է օրինակ վախի ժամանակ, ակնթարթորեն անհետացնում է էրեկցիան՝ դատարկելով լրացուցիչ արյան քանակությունը։
Էրեկցիայի առաջացումը կարգավորվում է հատուկ նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներով։ Լինելով ողնուղեղային ռեֆլեքս, որի կենտրոնները գտնվում են ողնուղեղում, էրեկցիան մեծապես գտնվում է գլխուղեղի կառավարման ներքո։ Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը։
Էրեկցիայի ողնուղեղային երկու կենտրոններից վերինը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակները, իսկ ստորինը՝ տակտիլ ներգործությունները։ Այդ պատճառով ռեֆլեկտոր էրեկցիա կարելի է առաջացնել առնանդամի անմիջական տակտիլ գրգռման միջոցով, այդ թվում ողնուղեղի վերսրբանայինվնասումների դեպքում։ Եվ ընդհակառակը, միայն սեռական երևակայությունների կամ մյուս զգայարաններից եկող գրգիռների միջոցով նույնպես կարելի է հասնել էրեկցիայի։
Տարբերում են ոչ ադեկվատ (սպոնտան) և ադեկվատ էրեկցիա։
Սպոնտան էրեկցիան դրսևորվում է դեռևս զարգացման վաղ փուլերում և պայմանավորված է էրեկցիայի սպինալ կենտրոնների գրգռմամբ։ Սպոնտան էրեկցիաներն առաջանում են արտաքին սեռական օրգանների անմիջական գրգռման ժամանակ, կոնքի խոռոչի կանգային երևույթների հետևանքով` առանց բարձրագույն կեղևային կենտրոնների մասնակցության։
Հասուն տղամարդու մոտ սպոնտան էրեկցիաներ լինում են միայն քնի ժամանակ, առավոտյան արթնանալիս, աբստինենցիայի դեպքում։ Այդպիսի էրեկցիաների բացակայությունը խոսում է կարգավորիչ նյարդաանոթային մեխանիզմների օրգանական վնասման մասին։
Ադեկվատ էրեկցիան առաջանում է սեքսուալ գրգռման ժամանակ` էրեկցիայի բարձրագույն կեղևային կենտրոնների մասնակցությամբ։
Քանի որ էրեկցիան անոթային ռեակցիա է, հասկանալի է, որ դրա առաջացման համար կարևոր է նաև անոթների վիճակը, դրանց անցանելիությունը, էլաստիկությունը։
Տղամարդու սեռական գրգռման գործում դեր են խաղում էրոգեն գոտիները։
նկ. 10 Տղամարդու էրոգեն գոտիներ
Տարբերում են գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Ի տարբերություն կանանց, տղամարդու սեքսուալ գրգռման համար հիմնական և ծանրակշիռ դերը պատկանում է գենիտալ էրոգեն գոտիներին։
Կանանց սեռական գրգռում-լյուբրիկացիա
Կանանց սեռական գրգռումը, որի հիմնական արտահայտությունը հեշտոցի խոնավացումն է, իր էությամբ կոմպլեմենտար է առնանդամի էրեկցիային։ Ի հայտ են գալիս այնպիսի փոփոխություններ, որոնք պատրաստում են կանացի գենիտալիաները պրկված առնանդամի մուտք գործելուն։ Բացի հեշտոցի խոնավացումից, որը հեշտացնում և հաճույքաբեր է դարձնում ֆրիկցիոն փուլը, սեռական գրգռման ժամանակ տեղի է ունենում հեշտոցի փխրունացում, էլաստիկության աճ և ծավալային տարողության մեծացում՝ ի հաշիվ հեշտոցի հետին երկու երրորդի երկարացման։ Այս ամենը նպաստում է մեծացած և պնդացած առնանդամի մուտքին և ազատ շարժումներին հեշտոցում։
Սեռական գրգռումը կանանց մոտ նույնպես պայմանավորված է գենիտալիաների անոթային լայնացման պարասիմպաթիկ ռեֆլեքսով։
Զարկերակային արյան ներհոսի ուժեղացման շնորհիվ անոթներում ստեղծվում է արյան բարձր ճնշում, որի տակ տեղի է ունենում պլազմայի տրանսուդացիա դեպի հեշտոցի լուսանցք։ Արյան ներհոսի ուժեղացմամբ է պայմանավորված նաև արտաքին սեռական օրգանների՝ ծլիկի, մեծ և փոքր ամոթաշրթերի, ինչպես նաև ողջ հեշտոցային գլանակի փքումը, չափերի զգալի մեծացումը։ Դա
ուղեկցվում է նաև գույնի զգալի փոփոխությամբ։ Եթե հանգիստ վիճակում գենիտալիաների մակերեսը աչքի է ընկնում բաց վարդագույն երանգով, ապա գրգռման ժամանակ այն ձեռք է բերում ալ կարմիր գունավորում։
նկ. 11 Կնոջ սեռական գրգռման փուլը
Սեռական գրգռման ժամանակ մեծ ամոթաշրթերում տեղակայված Բարտոլինյան գեղձերը արտադրում են փոքր քանակությամբ լորձային արտադրուկ, որի ֆիզիոլոգիական նշանակությունը հեշտոցամուտքի խոնավացումն է և ինտրոիտուսի հեշտացումը։
Պլատոյի ֆազայում սեռական գրգռման աճի հետ փոքր ամոթաշրթերը ձեռք են բերում կարմրամանուշակագույն երանգ։ Հեշտոցի արտաքին երրորդականում առաջանում է օրգաստիկ օղը` լորձաթաղանթի հաստացումից գոյացած բարձիկը, որն ամուր գրկում է առնանդամը։ Ըստ էության, օրգաստիկ օղակի ձևավորմամբ է պայմանավորված հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը։
նկ. 12 Պլատո
Լյուբրիկացիան ուղեկցում է ողջ գրգռման փուլը, երբեմն, նույնիսկ, շարունակվելով հեշտանքի փուլից հետո, որը մուլտիօրգաստիկ կանանց բնորոշ հատկանիշ է։ Սովորաբար հեշտանքից հետո այն արագ հետ է զարգանում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթի անոթները օժտված են երկկողմանի թափանցելիությամբ։
Որոշ կանանց մոտ լյուբրիկացիան այնքան ուժեղ է արտահայտված, հատկապես նախաօրգաստիկ շրջանում, որ այն տպավորությունն է ստեղծվում, թե հեշտանքի ժամանակ տեղի է ունենում հեղուկի արտաժայթքում։ Իրականում, ոչ մի նմանատիպ բան էլ տեղի չի ունենում։ Օրգաստիկ կծկումների ժամանակ լորձային արտադրություն կարող է արտազատվել միզուկից՝ հարմիզուկային գեղձերի ակտիվ գործունեության շնորհիվ։ Տուբոալվեոլյար այս գեղձերը, որ բացվում են միզուկի մեջ, համարվում են տղամարդու շագանակագեղձի գեղձային հատվածի ռուդիմենտար անալոգը կանանց մոտ։
Կանանց սեռական գրգռումը կառավարող ողնուղեղային և բարձրագույն կեղևային կենտրոնները դեռ հստակորեն տարբերակված չեն, սակայն ելնելով օնտոգենետիկ զարգացման նմանությունից, կարելի է ենթադրել, որ դրանք համընկնում են տղամարդու համանման կենտրոններին։
նկ. 13 Պարաուրետրալ գեղձեր
Կանանց սեքսուալությանը բնորոշ է այն երևույթը, որ միևնույն գրգիռը տարբեր իրավիճակներում կարող է տարբեր ռեակցիա առաջացնել։ Այսպես, եթե կիսամերկ պարողի մարմինը ներկայացման ժամանակ առաջացնում է զուտ էսթետիկ զգացողություններ, ապա ինտիմ պայմաններում այն կարող է սեռական գրգռում առաջացնել։ Միևնույն օրինաչափությունը գործում է նաև տակտիլ գրգիռների համար։ Որոշ հեղինակներ կարծում են, որ գոյություն ունեն հատուկ սեռազգացողության ընկալիչներ՝ գենիտալային մարմիններ՝ սեռական տակտիլ գրգիռների ընկալման համար։ Սակայն ինտիմ իրավիճակից դուրս, օրինակ` գինեկոլոգիական հետազոտության ժամանակ, դրանք սեռական գրգռում չեն առաջացնում։ Այսպիսով, կնոջ մոտ սեռական գրգռում առաջանալու համար հարկավոր է, որ սեռական գրգիռներին տրվի էրոտիզացնող նշանակություն, ինչը վկայում է կեղևային կենտրոնների մասնակցության մասին։
նկ. 14 Կնոջ էրոգեն գոտիներ
Բացի այդ, կնոջ մարմնի տարբեր մասեր տարբեր զգայունակությամբ են օժտված սեռական գրգիռների նկատմամբ։ Դա թույլ է տալիս որոշ հեղինակների առանձնացնելու այսպես կոչված էրոգեն գոտիներ, որոնց գրգռումը հիմնականում բերում է սեռական գրգռման արագ և կայուն աճի։
Տարբերում են գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Վերջիններս կնոջ սեռական կյանքում խաղում են ավելի մեծ դեր, քան գենիտալ գոտիները, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ գործում է հակառակ օրինաչափությունը։ Գենիտալ էրոգեն գոտիներն են ծլիկը, փոքր ամոթաշրթերը, հեշտոցամուտքը, հեշտոցի արտաքին մեկ երրորդի առաջային պատը՝ այսպես կոչված G-գոտին, արգանդի վզիկը։ Գենիտալ էրոգեն գոտիների նշանակությունը ունիվերսալ է, այսինքն ընդհանուր է բոլոր կանանց համար, ինչը չի կարելի ասել էքստրագենիտալ էրոգեն գոտիների մասին, որոնք աչքի են ընկնում խիստ անհատական բնույթով և դինամիկ փոփոխությամբ։
Ա.Մ. Սվյադոշչը տարբերում է նաև առաջնային և երկրորդային էրոգեն գոտիներ՝ ելնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունից։ Եթե առաջնային էրոգեն գոտիների գրգռումը ստեղծում է ընդհանուր հուզաէրոտիկ տրամադրվածություն, ապա երկրորդայինների գրգռումը տանում է հեշտանքի։ Երկրորդային էրոգեն գոտիների տեղակայումը պայմանավորում է հեշտոցային, ծլիկային և խառը հեշտանքների գոյությունը։
Susanna
25.08.2015
Susanna
23.08.2015
Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի Kiki, բարև Ձեզ: Դա անատոմիական առանձնահատկություն է, անհանգստանալու կարիք չկա: Եթե Ձեզ շատ է անհանգստացնում կարող եք իհարկե կատարել պլաստիկ վիրահատություն, սակայն ինչ վերաբերում է ծննդաբերության ժամանակ խանգարելուն, ապա ոչ, չի խանգարի:
Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի LIL, բարև Ձեզ հեշտանքի բացակայության պատճառները տարբեր են, առավել հաճախ կապված են նյարդային համակարգի հետ: Ցանկալի է նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվություն:
kiki
05.07.2015
LIL
30.06.2015
Մեդ-Պրակտիկ
15.05.2015
Հարգելի N, բարև Ձեզ: Պատճառը Ձեր դեպքում ամենայն հավանականությամբ կապված է նյարդային համակարգի հետ: Ինչպես նշված է հոդվածում կնոջ սեռական գրգռման համար պատասխանատու է պարասիմպաթիկ նյարդային համակարգը, որի գործունեության խանգարման դեպքում առաջանում են նման խնդիրներ: Հարկավոր է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի խորհրդատվության:
N՚՚՚՚՚՚՚՚
09.05.2015
Մեդ-Պրակտիկ
15.03.2015
Հարգելի Ani, իհարկե հնարավոր չէ: Բեղմնավորման համար անհրաժեշտ են սպերմատոզոիդներ:
Ani
07.03.2015
Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի LILIT, դա Ձեր արտաքին սեռական օրգանների անատոմիան է: Մի վախեցեք վտանգավոր ոչինչ չկա:
LILIT
25.09.2014
Մեդ-Պրակտիկ
15.07.2014
Հարգելի Andranik, Ձեր խնդիրը զուտ անատոմիական է: Կամ փորձեք ինքներդ դժվարությամբ կամ դանդաղ իջեցնել ներքև, կամ ճիշտ կլինի դիմեք ուռոլոգի:
Andranik
12.07.2014
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
27.01.2014
Հարգելի Gor, բարև Ձեզ, այդ հատվածը կոչվում է ՍԱՆՁԻԿ, որը, սովորաբար, չի վնասվում: Կամ կարող է վնասվել կոպիտ և անզգույշ ներհրումներից:
Հարգանքով`
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
gor
17.01.2014
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն